RSS

Архив за день: 31 января, 2014

Վահան Տերյան

Image

ԿԱՐՈՒՍԵԼ

Պտտվի՛ր, պտտվի՛ր, կարուսել,
Ես քո երգը վաղուց եմ լսել…

Հեքիաթ էր, և հմայք, և անծիր
Խնդություն մշուշում վարդագույն,
Դու նենգոտ քնքշությամբ ժպտացիր
Արևոտ ժպիտով իմ հոգուն…

Սիրո խոսք, և համբույր, և խոստում…
— Արբեցե՛ք այս անուշ համերգում,—
Արդյոք մե՞նք, թե՝ խոսքե՞րն են ստում,
Արդյոք մե՞նք, թե՝ աշխարհն է երգում։

Պտտվի՛ր, պտտվի՛ ր, կարուսել,
Ես քո երգը վաղուց եմ լսել…

Կար հեռու մի երկիր թովչական,
Արև էր ոսկեղեն աշխարհում.
Շողացին, ժպտացին — էլ չըկան,
Էլ չըկան պատրանքները սիրուն։

Ե՛վ թախիծ, և՛ տրտունջ, և՛ տանջանք,
— Դո՞ւ ես այն, թե՝ աշխա՞րհն է լացում. —
Խավարիր, խաբուսիկ անրջանք,
Հեռավոր օրերի հիացում…

Պտտվի՛ր, պտտվի՛ր, կարուսել,
Ես քո երգը վաղուց եմ լսել…

Կար մի երգ հեռավոր աշխարհում,—
Դու այն երգն ես կրկնում հեռավոր —
«Ես սիրում եմ, դու ինձ չես սիրումս,
Եվ հին են քո խոսքերը բոլոր…

Եվ այն վալսը՝ «Անդարձ ժամանակ»,
Ծառուղին՝ ամայի պուրակում,
Ե՛վ գիշեր, և՛ համբույր, և՛ լուսնյակ.
Տաղտկալի՜, ձանձրալի՜ պատմություն…

Պտտվի՛ր, պտտվի՛ր, կարուսել,
Ես քո երգը վաղուց եմ լսել…

Պարում են խելագար խնջույքում,
— Ով կուզե՝ թող գաղտնիքն իմանա,—
Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում,—
Երեկ՝ ես, այսօր՝ դու, վաղը՝ նա…

Պտտվի՛ր, պտտվի՛ր, կարուսել,
Ես քո երգը վաղուց եմ լսել…

Մշուշի միջից տեսիլ դյութական

Մշուշի միջից տեսիլ դյութական,
Բացվում է նորից Նաիրին տրտում,
Ո՞ր երկրի սրտում թախիծ կա այնքան
Եվ այնքան ներում ո՞ր երկրի սրտում:
Որտե՞ղ են քարերն այնպես վերամբարձ
Ձեռքերի նման պարզված երկնքին,
Որտե՞ղ է աղոթքն այնպես վեհ ու պարզ,
Եվ զոհաբերումն այնպես խնդագին:
Որտե՞ղ է խոցում այնպես չար ու խոր
Սիտրը՝ մարդկային, դաշույնը՝ քինոտ,
Որտե՞ղ է ոգին այնպես վիրավոր
Եվ անպարտ երկիրն այնպես արյունոտ:
ԻՄ ԳԵՐԵԶՄԱՆԻՆ ԴՈՒՔ ՉՄՈՏԵՆԱՔ

Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,
Հարկավոր չէ ինձ ո՛չ ծաղիկ, ո՛չ սուգ.
Հանկարծ կզարթնի ջերմ լալու փափագ,
Սիրտս չի գտնի ոչ մի արտասուք։

Իմ գերեզմանը թող լինի հեռվում,
Ուր մահացել են շշուկ, երգ ու ձայն.
Թող շուրջըս փռվի անանց լռություն,
Թող ինձ չըհիշեն, թող ինձ մոռանան։

Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,
Թողեք, որ հանգչի իմ սիրտը հոգնած,
Թողեք, որ լինեմ հեռավոր, մենակ,—
Չըզգամ, որ կա սե՛ր, եւ ցնորք, եւ լա՛ց…

ԷՍՏՈՆԱԿԱՆ ԵՐԳ

Երբ կրհոգնես, կըգազազես աշխարհից՝
Դարձիր իմ մոտ, վերադարձի ր դու նորից.—
Ցաված սիրտըս միայն քեզնով է շնչել՝
Չի կամենալ նա վերըստին քեզ տանջել։

Եթե բախտն ու վայելքները քեզ ժպտան,
Օտար մարդիկ քեզ սիրաբար ողջույն տան
Գուցե ես լամ բախտիդ համար, իմ անգին,
Սակայն դարձի՛ր, վերադարձի՛ր դու կրկին։

Եթե հեռվում ճակատագիրն անհոգի
Սիրտըդ մատնե անկարեկից տանջանքի,
0՜, գիտեցիր, իմ հոգին էլ կըցավի
Անմխիթար մորմոքումից քո ցավի…

 
Оставить комментарий

Опубликовал на 31 января, 2014 в Գրականություն, Uncategorized